ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ. ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում (ԴԱՀԿ մասին օրենք) հուլիսի 9-ին ընդունված ամենակարևոր փոփոխություններից է պարտապանի գույքի տարբեր տեսակների վրա բռնագանձում տարածելու հերթականության կանոնների (հոդված 43) վերանայումը: Առանցքայինն այն է, որ այդ հերթականության մեջ հատուկ տեղ է հատկացվել պահանջատիրոջ պահանջն ապահովող գրավի առարկային, և դրա շուրջ հյուսվել են որոշ նոր կանոններ:

 

Քաղաքացիաիրավական շրջանակները

Այստեղ, սակայն, անպայման պետք է մի պահ դադար վերցնենք և հիշենք գրավի առարկայի բռնագանձմանը վերաբերող քաղաքացիաիրավական նորմերը, քանի որ Քաղաքացիական օրենսգիրքը (Քաղ. օր.) յուրատեսակ «սահմանադրություն» է կատարողական վարույթի մի շարք ինստիտուտների համար, և գույքի վրա բռնագանձում տարածելու ինստիտուտի համար` հատկապես: Ըստ այդմ, կատարողական վարույթի նորմերը պետք է խստորեն հետևեն այդ «սահմանադրական» դրույթներին:

Այսպես, գրավի իրավունքի էությունը գրավի առարկայի արժեքից առաջնահերթ բավարարում ստանալու հնարավորությունն է (Քաղ. օր. հոդված 226, 3-րդ մաս): Այս հիմնարար դրույթն իր ուղիղ արտացոլումն է գտել ԴԱՀԿ մասին օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում և որևէ կասկածի տակ չի կարող դրվել նույն օրենքի 43-րդ հոդվածի որևէ փոփոխությամբ:

Այն, ինչ կարգավորվում է 43-րդ հոդվածով (և մասնակի` ԴԱՀԿ մասին օրենքի մի քանի այլ հոդվածներով), պատասխանում է այն հարցին, թե գույքի տարբեր տեսակներն ի'նչ հերթականությամբ պետք է բռնագանձման առարկա դառնան: Սա կարգավորման այլ հարթություն է, որով Քաղաքացիական օրենսգիրքը որևէ սահմանափակում չի դնում, և որն արդեն կատարողական վարույթի «մենաշնորհն» է: Այս հերթականությունը որոշելիս պետության իրավական քաղաքականությունը պայմանավորված է ինչպես պահանջատիրոջ պահանջի բավարարման շահով, այնպես էլ որոշակի տնտեսական, սոցիալական և կազմակերպչական գործոններով (պարտապան ֆիզիկական անձի կենսապահովման, պարտապան իրավաբանական անձի գործունեության անխափանության, կատարողական վարույթի ժամկետների կրճատման և ռեսուրսների խնայողության շահեր):

Վերջապես, պետք է նկատի ունենալ, որ գրավի պայմանագրով կարող է նաև արգելվել գրավի առարկայից բացի այլ գույքի վրա բռնագանձում տարածելը (Քաղ. օր. հոդված 251, 2-րդ մաս):

Ահա այս քաղաքացիաիրավական շրջանակներում է, որ կատարողական վարույթում կարող է որոշվել գույքի տարբեր տեսակների վրա բռնագանձում տարածելու հերթականությունը: Իհարկե, այդ հերթականությունն ամեն դեպքում չի կարող վերաբերել այն գույքին, որը պաշտպանված է բռնագանձման լրիվ կամ մասնակի իմունիտետով (Քաղ. օր. հոդվածներ 27, 60, գլուխ 50.1, ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մաս, հոդվածներ 47.2, 47.3, 51):

 

Կարգավորումն ու պրակտիկան մինչև օրենսդրական փոփոխությունները

ԴԱՀԿ մասին օրենքի 43-րդ հոդվածի նախկին խմբագրությամբ՝ գույքի գրավի առարկա լինել-չլինելը որևէ նշանակություն չուներ բռնագանձման հերթականությունում դրա տեղը որոշելիս. գրավի առարկան բռնագանձման առարկա պետք է դառնար այն հերթում, որը նախատեսված է գույքի տվյալ տեսակի համար (ֆիզիկական անձ պարտապանի դեպքում` 1) շարժական գույք, 2) անշարժ գույք, իսկ իրավաբանական անձ պարտապանի պարագայում` 1) արտադրության մեջ անմիջականորեն չներգրավված հիմնական միջոցներ, 2) պատրաստի արտադրանք, 3) անավարտ արտադրանք, այդ թվում` հումք, նյութեր, կիսաֆաբրիկատներ, 4) այլ գույք): Հարցեր, այնուամենայնիվ, առաջանում էին, և ահա թե ինչու:

Նախ, այն դեպքերում, երբ պարտավորության կատարման ապահովման համար գրավադրված էր պարտապան չհանդիսացող երրորդ անձի գույքը, պարտատերերը (խոսքն իհարկե հիմնականում ֆինանսական կազմակերպությունների մասին է) իրենց հայցապահանջներում ներառում էին «բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու» պահանջ, այլապես երրորդ անձին պատկանող գույքը կատարողական վարույթում չէր կարող բռնագանձման առարկա դառնալ: Ավելին, նման պահանջ հաճախ ներկայացվում էր նաև հենց պարտապանին պատկանող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու համար, որպեսզի դատական ակտով արձանագրվեր տվյալ պահանջը գրավով ապահովված լինելը, և պահանջատերը կատարողական վարույթում խնդիրների չբախվեր գրավի արժեքից առաջնահերթ բավարարում ստանալու հարցում:

Այսպիսով, պատկերացրեք կատարողական թերթ, որը սահմանում է. «Ա-ից հօգուտ Բ-ի բռնագանձել դրամական միջոցներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա»: Կարո՞ղ է արդյոք հարկադիր կատարողը կարծել, որ բռնագանձումը պետք է տարածել միայն գրավի առարկայի վրա: Համաձայնեք, որ նման կասկած կարող է ունենալ, քանի որ, ինչպես վերևում նշեցինք, այդպիսի իրավիճակ հնարավոր է ըստ Քաղ.օր.-ի: Եվ վեճեր այդ առիթով ծագում էին:

Ահա այդ ռիսկից խուսափելու համար պարտատերերն իրենց պահանջները ձևակերպում էին ամենից հաճախ հետևյալ կերպ. «...բռնագանձել դրամական միջոցներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի, իսկ դրա անբավարարության դեպքում` պարտապան(ներ)ի այլ գույքի վրա»:  Այսպիսի պահանջների գնահատումը դատական պրակտիկայում խայտաբղետ էր: Այն դեպքում, երբ նման պահանջն ամբողջությամբ բավարարվում էր` նույնությամբ տեղափոխվելով կատարողական թերթ, կրկին հարցեր էին ծագում կատարողական վարույթում. արդյո՞ք, ըստ դատարանի վճռի, գրավի առարկան այլ գույքի նկատմամբ դառնում էր առաջնահերթ բռնագանձման առարկա: Թեև, ինչպես տեսանք, ԴԱՀԿ մասին օրենքը նման բան չէր նախատեսում, և նման հայցապահանջի նպատակն էլ ի սկզբանե այլ էր, բայց ստացվում էր, որ այդ ձևակերպմամբ պահանջը կատարողական վարույթում կարող էր նախատեսվածից բացի այլ ընկալում առաջացնել: Ըստ այդմ, դատարաններն առավել հաճախ կարճում էին պարտապանների այլ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով վարույթը` ընդգծելով, որ դա կատարողական վարույթի խնդիրն է և դատական քննության ենթակա վեճ չէ: Ավելին, կան նաև նման պահանջը մերժելու դեպքեր` բավական արտառոց այսպիսի  պատճառաբանությամբ. քանի դեռ գրավի առարկայի իրացման արժեքը պարզ չէ, պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու մասով պարտատիրոջ իրավունքը դեռևս չի ծագել (տես, օրինակ, ԱՐԱԴ/2777/02/17 գործով դատարանի 18.04.2018թ. վճիռը): Այս վերջին երկու դեպքում կրկին կատարողական թերթում դրամական միջոցների բռնագանձման պահանջի հետ «միայնակ» մնում էր «բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու» պահանջը, և կրկին ծագում էր վերևում հիշատակված կասկածը. արդյո՞ք կարելի է այլ գույքի վրա բռնագանձում տարածել: Ահա այսպիսի փակ շրջան:

Այս թեմայի շրջանակներում մեր խնդիրը չէ քննարկել պրակտիկայում ձևավորված նշված մոտեցումների իրավաչափությունը: Ի դեպ, կարելի է նաև պնդել, որ հայցվորները ևս բավականաչափ ճշգրիտ չէին ձևակերպում և հիմնավորում իրենց հայցապահանջները: Ամեն դեպքում, փաստ է, որ ձևավորվել էր հակասական պրակտիկա` դրանից բխող իրավական անորոշությամբ և անկանխատեսելիությամբ: Եվ այս խնդիրները պետք էր ինչ-որ կերպ լուծել:

Լուծումների որոնումներում էլ քննարկվում էր նաև պրակտիկայից ծնված նոր հարցը. արդյո՞ք տրամաբանություն չկա բռնագանձման հերթականությունում գրավի առարկային հատուկ տեղ հատկացնելու մեջ: Չէ՞ որ այն, որպես կանոն, առավել իրացվելի է, և դրա իրացումը, որպես կանոն, թույլ կտա առավել արագ կատարել պահանջատիրոջ պահանջը: Մինչդեռ, երբ գրավի առարկան հերթականության ստորին հերթերում է, ապա վերին հերթերում գտնվող, բայց ոչ այնքան իրացվելի գույքի իրացումը կարող է երկար տևել և ձգձգել կատարողական վարույթը: Բացի այդ, գրավատուի համար ի սկզբանե կանխատեսելի է գրավի առարկան կորցնելու ռիսկը, մինչդեռ պարտապանի, առավել ևս` երաշխավորների այլ գույքի կորուստը դրանց սեփականատերերի համար առավել հեռավոր մի վտանգ է թվում: Իհարկե, թեման բանավիճային է, և կարելի է նաև հակափաստարկել: Այսպես, գրավի առարկան հաճախ պարտապան ֆիզիկական անձի բնակարանն է կամ պարտապան իրավաբանական անձի գործունեության հիմնական միջոցը, և դրա կորուստը պարտապան գրավատուի համար առավել ցավալի է, քան եթե բռնագանձումը կատարվեր սովորական հերթականությամբ: Խնդիրը մեծ հաշվով պահանջատիրոջ և պարտապանի շահերի ողջամիտ հավասարակշռումն է` հավերժական թեմա կատարողական վարույթում: Ամեն դեպքում, պետք է նաև հաշվի առնել, որ նորմատիվ կարգավորումները գրվում են դեպքերի մեծամասնության համար, և ի բնե չեն կարող առանց բացառության բոլոր իրավիճակներում ապահովել ամենանպատակահարմար լուծումը:

 

Փոփոխություններով տրված լուծումները: Անցումային դրույթը:

Քննարկվող թեմայով օրենսդրական փոփոխություններն ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին. ա) բռնագանձման հերթականությունում գրավի առարկային տրվել է առանձին տեղ` դրամական միջոցներից հետո և այլ գույքից առաջ, բ) կարգավորվել է այն իրավիճակը, երբ գրավի պայմանագրով արգելված է գրավի առարկայից բացի այլ գույքի վրա բռնագանձում տարածելը:

Այսպիսով`

ա) Եթե գրավի պայմանագրով արգելված է այլ գույքի վրա բռնագանձում տարածելը, ապա վճռի եզրափակիչ մասը պետք է սահմանի` «բռնագանձել դրամական միջոցներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա»: Քանի որ այստեղ չկա նշում այլ գույքի մասին, ապա ըստ նոր կանոնների` հարկադիր կատարողը բռնագանձում կտարածի միայն գրավի առարկայի վրա:

բ) Եթե գրավի պայմանագրով արգելված չէ այլ գույքի վրա բռնագանձում տարածելը, ապա հայցապահանջը և, համապատասխանաբար, վճռի եզրափակիչ մասը պետք է ներառեն այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին դրույթ, բայց, ուշադրություն` առանց բռնագանձման հերթականության մասին խոսելու (քանի որ դա օրենքով արդեն իսկ կարգավորված է): Ամենաճշգրիտ ձևակերպումը, թվում է, հետևյալն է. «բռնագանձել դրամական միջոցներ` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի և պարտապան(ներ)ի այլ գույքի վրա»: Այս ձևակերպման դեպքում արդեն հարկադիր կատարողը բռնագանձումը կիրականացնի հետևյալ հերթականությամբ. 1) դրամական միջոցներ, 2) գրավի առարկա, 3) այլ գույք` ըստ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանված հատուկ հերթականությունների:

Պարզ է, որ ինչպես հայցվորները, այնպես էլ դատարանները պետք է իրենց պրակտիկան հարմարեցնեն այս փոփոխություններին: Այդ պատճառով, ըստ անցումային դրույթների, «միայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին» «վտանգավոր» կանոններն ուժի մեջ են մտնում մնացած փոփոխություններից ավելի ուշ` օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս անց (2019թ. օգոստոսի 26-ին) և տարածվում են դրանից հետո հարուցված դատական գործերի վրա: Այս առումով, անշուշտ, հարկ է հրավիրել բոլոր ֆինանսական կազմակերպությունների, պարտքերի հավաքագրման ծառայություններ մատուցողների, փաստաբանների, դատավորների և նրանց աշխատակազմերի ուշադրությունը և կոչ անել մինչև օգոստոսի 26-ը համապատասխան շտկումներ կատարել իրենց փաստաթղթերում:

 

Հերթականությունը փոխելու դիսպոզիտիվ հնարավորությունը

Վերջում ավելորդ չենք համարում հիշատակել ևս մեկ լրացման մասին, որը մի փոքր ընդլայնում է կողմերի ազատության սահմանները կատարողական վարույթում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ և' պահանջատերը, և' պարտապանը ցանկանում են օրենքով սահմանվածից տարբերվող հերթականությամբ բռնագանձման առարկա դարձնել պարտապանի գույքը: Ըստ նախկին խմբագրության` կողմերն այդ դեպքում կաշկանդված էին օրենքի իմպերատիվ շրջանակներով, որոնք կողմերի համաձայնության պայմաններում, ըստ էության, որևէ իրավաչափ շահ չէին պաշտպանում: Ահա այս անտեղի իմպերատիվությունը մեղմվել է 43-րդ հոդվածում լրացված պարբերությամբ, ըստ որի` կողմերն իրենց հասարակ գրավոր ձևի համաձայնությամբ կարող են փոփոխել բռնագանձման հերթականությունը: Իհարկե, եթե պահանջատերերը մեկից ավելին են, ապա պարտապանը նման համաձայնության պետք է հասնի բոլորի հետ, որպեսզի հերթականությունը փոխվի բոլոր վարույթներում: Մյուս կողմից, այս համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում. սահմանափակում, որի նպատակը կողմերի վարույթային կարգապահությունը խթանելն ու անհարկի կատարողական ծախսերից խուսափելն է: Մի խոսքով, սա ևս մեկ հնարավորություն է այն իրավաբանների համար, որոնք նախընտրում են կողմերի միջև կոնֆլիկտը մեղմելու ուղիներ փնտրել:

 

Վահագն Դալլաքյան
գործընկեր, ի․գ․թ․